BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Հաճույք ստանալու անհրաժեշտ նախապայմանը

Հաճույք ստանալու  անհրաժեշտ նախապայմանը
18.06.2013 | 11:32

Որքան հիշում եմ, մարդկության հանցավոր ձեռքը նշանավոր «Մոնա Լիզայի» վրա առաջին անգամ բարձրացել է 1912 թվականին: Ցուցադրության ժամանակ այցելուն երկար կանգնել է կտավի առաջ, հետո հրազենո՞վ, թե՞ դանակով «գրոհել» ու վնասել է մեծագույն նկարչի գլուխգործոցը: Դեպքը հետագայում բացատրվել է վայ-այցելուի ունեցած հոգեկան շեղումով: Ես հիմա չգիտեմ` մարդը շեղումն ունեցել է ի սկզբանե՞, թե՞ այն «ծնվել» է կտավը դիտելիս, բայց որ գեղեցիկը նաև հունից հանելու, չկանխատեսված քայլերի դրդելու հատկություն էլ ունի, չեմ կարծում, թե վիճարկելու բան է:

Ինչո՞ւ հիշեցի այս պատմությունը:
Ֆուտբոլի համադաշնության գավաթի խաղարկության շրջանակում լույս երկուշաբթի միմյանց դեմ ելան Իսպանիայի և ՈՒրուգվայի ընտրանիները: Երկուսին էլ, անշուշտ, գիտեք իրենց գեղեցիկ, բովանդակային խաղով, համաշխարհային ֆուտբոլում ունեցած կշռով, բայց որ նախախաղյա ձեռքսեղմումից հետո իսպանացիների աշխարհահռչակ դարպասապահը էկրանին հայտնվեց հանդիպման քսաներորդ րոպեից հետո միայն, սա ձեզ ինչ-որ բան հուշո՞ւմ է:
Ներող կլինեք տեմպից գցելու համար, սակայն գոնե միջանկյալ խոսքով չեմ կարող չասել, որ, հակառակ ոչ անհայտ Ժոզե Մոուրինյոյի, ով մարդկային ինչ-ինչ չնչին հաշվարկներով վնասվածք ստանալու առիթն օգտագործեց ու առաջին մեծության այս դարպասապահին մինչև մրցաշրջանի վերջ պահեց «Ռեալի» պահեստայինների նստարանին, Բոսկեն անգամ հաշվի չնստեց Կասիլիասի խաղային պրակտիկայի բացակայության հանգամանքի հետ ու իր աստղային հավաքականի դարպասը վստահեց նրան` ևս մեկ անգամ ապացուցելով իսպանական ֆուտբոլի անգերազանց հմայքն ու թափը:
Խաղացողին մոուրինյոյական մանրախնդրությամբ պատժելու մի ձև էլ, հարկավ, կարող էի հիշել հայկական ֆուտբոլից, սակայն եկեք չմանրանանք, չմոռանալով, որ տվյալ դեպքում խոսքը երկու տարբեր քաշային կարգերի մասին է, ոչ այնքան խաղացողների, որքան իրականացնողների:
Քսան և ավելի րոպե Իսպանիայի ընտրանին իր փոքր ու միջին տարածության հայտնի փոխանցումներով գեղեցկագույն «ժանյակներ» էր գործում մրցակցի կիսադաշտում, և ուրուգվայցիները չէին կարողանում խլել գնդակը դավադրորեն գեղեցիկ խաղացող մրցակցից: Ասեք` եթե ուրուգվայցի ֆանատներից մեկն այդ անզորության տպավորության ազդեցության տակ, Աստված մի արասցե, հրազեն բանեցներ, մեղադրելի կլինե՞ր, թե՞ ոչ, մանավանդ որ իր երկրպագելին արդեն իսկ ապրել էր գնդակը ցանցից հանելու «դժբախտությունը»:
Ինչ` ինչ, մենք հո գիտենք ֆուտբոլից հասկանալու բրազիլացի երկրպագուի կարողության մասին: Ահա այդ մարզասերը, սկսած իքս րոպեից, պարզապես իր հիացքը վերածեց օվացիայի` կանխավ վայելելով խաղարկության ինչ-որ փուլում միանգամայն ենթադրելիք Իսպանիա-Բրազիլիա հանդիպումը: Սակայն ոնց որ թե չափից ավելի առաջ ընկանք:
Իսպանիա-ՈՒրուգվայ ընտրանիների խաղի մասին կարելի է երկար խոսել, պատմել, թե ինչպես, անելանելիությունից դրդված, ուրուգվայցիները սկսեցին գնալ բացահայտ կոպիտ խաղի, ինչպիսի համարժեքությամբ իսպանացիները պատասխանեցին դրան, ցույց տալով, որ իրենք էլ այդպես գործել գիտեն և այլն, սակայն եկեք այստեղ բավարարվենք խաղի 2:1 հաշիվը ֆիքսելով լոկ, որովհետև դեռ երկու հանդիպումից էլ խոսելու բան ունենք` միայն ավելացնելով, որ Սուարեսի խփած գնդակը նույնքան անկասելի էր, որքան Պեդրոյի «կրակոցն» ու Սոլդադոյի «հրաձգությունը», և ՈՒրուգվայի հավաքականի գերազանց գործած դարպասապահ Մուսլերայի մեղքը չէր, որ իր ծննդյան օրը համընկավ համաշխարհային ֆուտբոլում վերջին տարիներին անմնացորդ տիրություն անող իսպանական ընտրանու հետ խաղին:
Գեղեցիկ հանդիպման մասնակից եղավ հանդիսատեսը նաև Մեքսիկա-Իտալիա դիմակայությունում: Ինչ-որ առումով խորհրդանշական էր, որ ազգայինում իր հարյուրերորդ խաղը գոլով նշանավորեց Անդրեա Պիռլոն` մեծ ֆուտբոլի մեծ վարպետներից մեկը: Ի դեպ, այս հանդիպման ելքը նույնպես դեպքերի ու զարգացումների բնական տրամաբանության մեջ էր: Հարկավ Մեքսիկայի ընտրանին համակրելի, տեխնիկապես գրագետ ֆուտբոլ է խաղում, սակայն Չեզարե Պրանդելի զարմանալի մարզիչն իտալական ֆուտբոլն իսկապես բարձրացրել է որակապես նոր աստիճանի կամ վերադարձրել է իր նախկին որակին (երկու տարբերակին էլ ապրելու իրավունք տանք և զուր տեղը չգրգռենք իտալական ֆուտբոլի երկրպագուներին): Այստեղ էլ արձանագրվեց նույն 2:1 հաշիվը:
Հիմա «մեղքերի թողություն» խնդրենք ֆուտբոլասերներից խաղերի ներկայացման ժամանակագրական կարգը խախտելու համար ու վերջապես անդրադառնանք Բրազիլիա-Ճապոնիա հանդիպմանը, որով և տրվել է համադաշնության հերթական գավաթի խաղարկության մեկնարկը:
Ճապոնացի ֆուտբոլասերների համար թող վիրավորական չհնչի, սակայն իր խաղը խաղալու դեպքում աշխարհի հնգակի չեմպիոնների ընտրանին չէր կարող չհաղթահարել Ծագող արևի երկրի արգելքը, ինչն էլ հաստատեց խաղավարտը: Ճիշտ է, 3:0-ն գուցե հանդիպման տրամաբանությունից փոքր-ինչ դուրս էր, բայց հենց այս հաշիվն արձանագրվեց Նեյմարի, Պաուլինիոյի, Ժոյի կողմից մրցակցի դարպասը գրավելուց հետո: Հետաքրքրական է, որ մինչ բրազիլական մամուլը Լուիս Ֆելիպե Սկոլարիին հանգիստ չի տալիս հավաքականի կազմավորման հարցի առնչությամբ, գլխավոր մարզիչն արդեն երկրորդ խաղն անընդմեջ խաղադաշտ է հանում նույն տղաներին և փաստացի նույնությամբ կրկնում օրեր առաջ Ֆրանսիայի ընտրանու հետ ունեցած արդյունքը: Հիմա սա պատահականությո՞ւն է, թե՞ զուգադիպություն, դեռ վաղ է խոսելը, մանավանդ որ մրցաշարը նոր-նոր է թափ հավաքում, իսկ ապագա մրցակիցների մեջ անուններ կան, որոնք շատ ավելի ծանրակշիռ են թե՛ խաղամակարդակով, թե՛ հեղինակությամբ, թե՛ ուրիշ շատ ու շատ բաներով: Մի խոսքով, զարգացումներից առաջ չընկնենք, թուլանանք ու հաճույք ստանանք: Հավատացեք, համադաշնության գավաթի խաղարկությունը մեզ դա խոստանում է, և ոչ մի չափազանցություն չկա, որ այն համարում են ֆուտբոլի աշխարհի առաջնության փոքր մոդել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1694

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ